211652_close_icon
views-count2900 դիտում article-date 15:04 31-10-2017

Սփյուռքի նախարարն ընդունել է Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա հայկական վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին և լուսանկարիչ Ռոջեր Գասպարյանին (Roger Kasparian): Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի դպրոցների հետ գործակցության հարցեր՝ մասնավորապես Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող դպրոցների քույրացման ծրագիրը, որի առաջին քայլերն արված են և այսօր Երևանի թիվ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղի կունենա երկու դպրոցների քույրացում: Այս գործընթացը ամրագրվելու է նաև երկու դպրոցների միջև հուշագրի ստորագրմամբ: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց համայնքում դպրոց ունենալը: «Եթե համայնքում դպրոց, եկեղեցի չկա, ձուլումն անխուսափելի է, դրա համար ես խորապես համոզված եմ, որ համայնքի կենտրոնը դպրոցն է»,-ասաց նախարար Հակոբյանը: Նրա խոսքով անգնահատելի է «Դպրոցասեր»-ի ավանդը ֆրանսահայ համայնքի պահպանման գործում: Նա նշեց, նաև, որ նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Փարիզում հայկական կրթական հաստատությունների ավելացման հարցում: Նախարարը Հայկ Սարգսյանին առաջարկեց ուսուցիչների վերապատրաստման ծրագիր իրականացնել: Ֆրանսիահայ լուսանկարիչ Ռոջեր Գասպարյանը նախարարին նվիրեց իր լուսանկարների ալբոմը, որում տեղ են գտել աշխարհահռչակ արվեստագետներ ու երաժիշտներ, ինչպիսիք են «Բիթլզ» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին, «Փինք ֆլոյդ» խմբի անդամններին և այլն: Նախարարը իր պատրաստակամությունը հայտնեց 2018թ. աջակցել լուսանկարչի ցուցահանդեսի կազմակերպմանը Երևանում: «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանը հիմնվել է 1879 թ-ին, Կ.Պոլսում` հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ` Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 1896 թ-ին փակվել է և վերաբացվել 1908 թ-ին: Մեծ եղեռնից հետո դարձել է որբանոց: 1922 թ-ին տեղափոխվել է նախ Սալոնիկ, ապա` Մարսել: 1927 թ-ից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում` արդիական հարմարություններ ունեցող շենքում: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը վարժարանին կից գործել են կարուձևի արհեստանոցներ, մեքենագրության, սղագրության, հիվանդապահության բաժիններ: 1948 թ-ից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական վարժարան: Դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ուսուցումն իրականացվում է արևմտահայերենով: Դպրոցը ունի երգչախումբ և ֆուտբոլային խումբ: Կրթօջախի ուսուցիչները մասնակցել են Հայաստանում կազմակերպված վերապատրաստման ծրագրերի: Դպրոցում ուսուցանում են շուրջ 270 աշակերտ, դասավանդում են մոտ 20-25 ուսուցիչ:

Նմանատիպ նյութեր