211652_close_icon
views-count4838 դիտում article-date 12:22 25-10-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին և վստահություն հայտնել, որ Երևանում այսօր կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդի գործունեությունը և շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար: Ընդգծելով, որ ծանոթ է երևանյան նիստի օրակարգին, Նախագահ Սարգսյանը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա: Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն և նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև նման ձևաչափով հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփումները, որոնք նպաստում են նիստը հյուրընկալող երկիրն ավելի լավ ճանաչելուն: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հայաստանում խորհրդի նիստի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծված հրաշալի պայմանների համար և նշել, որ տրամադրված են հանգամանորեն քննարկելու օրակարգում ներառված՝ մասնակից երկրների համար արդիական բոլոր հարցերը, համատեղ լուծումներ գտնելու, շարժվելու առաջ և պահելով տեմպը՝ իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովներում: ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը իրականացվող աշխատանքը կարևորել է նաև տնտեսական կյանքի ժամանակակից միտումներին համապատասխան առաջ ընթանալու տեսանկյունից, որպեսզի միության անդամ երկրների տնտեսությունները կարողանան պահպանել մրցունակությունը՝ ապահովելով իրենց քաղաքացիների համար հարմարավետ կյանք և բարեկեցություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր