211652_close_icon
views-count2174 դիտում article-date 15:11 20-05-2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրերին Երևանում: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: «Մենք բոլորս անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով մեր տնտեսական շահերից, մեր քաղաքացիների շահերից: Շատ կարևոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի և ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, որ ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»,- ասել է ՀՀ Նախագահը: Նշելով, թե տեղյակ է՝ որքան շատ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ներկայացնել՝ կա՞ արդյոք օրակարգում առկա հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, և ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում այս հանդիպումից: Ղազախստանի վարչապետը իր և գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել Երևանում ջերմ հյուրընկալության և միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքի նախապատրաստման ու անցկացման հարմարավետ պայմանների ապահովման համար: «Մեզ համար առջևում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված հարցերի քննարկում: Նախագահների հանդիպման նախօրեին մենք կաշխատենք քննարկել և օրակարգից հանել հարցերի մեծամասնությունը, որպեսզի բարձր մակարդակով քննարկմանը ներկայացնենք միայն հետագա զարգացման տեսանկյունից խոշոր ռազմավարական հարցերը»,-ասել է վարչապետ Կարիմ Մասիմովը: Նա տեղեկացրել է, որ այսօր վարչապետների մակարդակով անցկացվող նիստում ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ քննարկման համար նախատեսված են բազմաթիվ հարցեր, և այսօրվա քննարկումների ժամանակ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները կփորձեն դրանք լուծել: Հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ Նախագահը կարևորել է անվտանգության բաղադրիչը և այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:

Նմանատիպ նյութեր