211652_close_icon
views-count6321 դիտում article-date 10:47 24-10-2017

25 տարի տարկետման իրավունքը գործում է, գիտությունն ու կրթությունը բուռն զարգացո՞ւմ են ապրում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ուսանող տղաների մի խումբ ցույցեր է անում. նոր օրենքի ընդունումից հետո մագիստրատուրան այլևս բանակից չի ազատի, իսկ տղաները, հավանաբար, չեն ուզում մագիստրատուրայում սովորել բանակում ծառայելուց հետո: Նրանք ուզում են սովորել բանակում ծառայելու փոխարեն՝ հայոց գիտությունն են ուզում առաջ շարժել, իսկ զինծառայությունը, ըստ երևույթին, նրանց խանգարելու է: Նախ` ինձ թույլ տամ կասկածի տակ դնելու որոշ մասնագիտությունների դեպքում մագիստրատուրայի անհրաժեշտությունն ընդհանրապես: Եթե մարդը, ենթադրենք, լրագրող է` ի՞նչ է նա անում մագիստրատուրայում` լրագրության գիտնակա՞ն է դառնում: Ինձ թվում է՝ բակալավրիատից հետո նա պետք է գնա լրատվամիջոց և աշխատի: Կամ` եթե ջութակահար է, ջութակի գիտությա՞մբ է զբաղվելու: Այլ հարց է, եթե նա միջազգայնորեն ճանաչված տաղանդ է, ասենք` Սերգեյ Խաչատրյանի նման: Այդպիսի երիտասարդները հատուկենտ են, և նրանց ընդհանրապես պետք է ազատել բանակից, ինչպես և միջազգային լուրջ օլիմպիադաների հաղթողներին: Բայց այդ ամենը մագիստրատուրայի և տարկետման հետ կապ չունի: Կան, իհարկե, ասպարեզներ, հիմնարար գիտություններ, որտեղ երիտասարդ կադրերի անհրաժեշտությունը կա: Բայց միթե բանակն է խանգարում այս ոլորտների զարգացմանը: Եկեք հարցին պատասխանենք բացառման սկզբունքով: Հայաստանում 25 տարի տարկետման իրավունքը գործում է, ի՞նչ է՝ դրանից գիտությունը (ինչպես նաև կրթությունը) բուռն զարգացո՞ւմ են ապրում: Ոչ, հակառակը՝ դրանք գահավիժում են: Իսրայելում ընդհանրապես չկա ոչ մի տարկետման իրավունք, և այնտեղ գիտությունն ու կրթությունը ծաղկում են: Հետևաբար` մեր գիտության տխուր վիճակի պատճառները պետք է փնտրել այլ տեղերում: Ավելին՝ գուցե դրան որոշ չափով նպաստում են մեծ մասամբ ձևական բակալավրիատը, ավելի անիմաստ մագիստրատուրան, գիտության հետ որևէ կապ չունեցող ասպիրանտուրան և անպետք թեկնածուական թեզերը: Այդ փուլերն անցնում են նաև աղջիկները, բայց հատկապես տղաների համար դա ճանապարհ է բանակից ազատվելու, իսկ այդպես չպետք է լինի: Կրկնեմ՝ դա ներկա իրավիճակի պատճառներից մեկն է, գուցե ոչ ամենակարևորը: Ինչ անել՝ ես չգիտեմ: Միայն կարող եմ հիշեցնել, որ գրեթե միակ ոլորտը, որտեղ մեր գիտությունը զարգանում է, տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Որովհետև զարգանում է այդ արտադրությունը, այդ բիզնեսը: Ընդ որում՝ առանց մագիստրատուրաների, ասպիրանտուրաների և թեկնածուական թեզերի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր