211652_close_icon
views-count8700 դիտում article-date 20:59 18-10-2017

Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ: Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի հայ-լեհական միջխորհրդարանական կապերին եւ երկու ժողովուրդների բարեկամությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչեւսկուն` սեպտեմբերի 19-ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու եւ ելույթով հանդես գալու համար, ինչպես նաեւ լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ: Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար: «Մեր պետությունների միջեւ հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առկա կապերն էլ ավելի կսերտանան: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի եւ բարեկամական խմբերի միջեւ շփումների առավել ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարեւոր կամուրջ է հայ-լեհական հարաբերություններում: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռեւս 2005թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկին, ջերմորեն շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, նշել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում: Նա երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչեւսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԼՀ Սենատի նիստին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր