Մեկ պատուհանով ունենալու ենք ֆինանսական միջոցների օպտիմալացում. վարչապետ
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների ընթացքին և առաջիկա անելիքներին:
«Արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ։ Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորման ուղղությամբ»,- ասաց նա:
Վարչապետը կարևորեց համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց տասնօրյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների նույն հարթակում կազմակերպելու նպատակով ներկայացնել առաջարկներ։
Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ և ամսական պարբերականությամբ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարությանը։
«Այստեղ ունենալու ենք ֆինանսական միջոցների օպտիմալացում, և տնտեսվող միջոցներն ուղղվելու են տեխնիկական վերազինմանը»,- հավելեց նա: