211652_close_icon
views-count18916 դիտում article-date 23:30 10-10-2017

«Էրեբունի-Երևան 2799»-ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրել են «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը: Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երևանյան տոնական միջոցառումների հարուստ ցանկում ներառված այս նորամուծությունն իսկական նվեր կլինի երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար: Մասնավորապես, այս պահի դրությամբ Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից և Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում և վայրէջք կկատարեն Երևանի վարչական սահմաններից դուրս: «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ տեղեկացրել է, որ թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ: Ըստ այդմ, առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երևանյան երկնքում ավելի երկար կմնան: Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման և հաջորդող օրերի համար նախատեսված է միջոցառումների հետևյալ ժամանակացույցը. [b]Հոկտեմբերի 14 [/b] 15:30. Հանրապետության հրապարակ. փառատոնի պաշտոնական բացումը: 16:40. Օդապարիկները նախապատրաստումը թռիչքի: 17:00. Թռիչք Երևանի երկնքում՝ 1,5 ժամ տևողությամբ: [b]Հոկտեմբերի 15[/b] 07:00. Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ (կախված եղանակային պայմաններից). մեկնարկ և օդապարիկների միաժամանակյա թռիչք Երևանի երկնքում: 17:00. Հանրապետության հրապարակ. թռիչքներ և երաժշտական ծրագիր: 19:00. Օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող շոու: [b]Հոկտեմբերի 16, 17[/b] Թռիչքներ Գառնու և Ապարանի ջրամբարի հարակից տարածքերում` կախված եղանակային պայմաններից: Հարկ է նշել, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին, որոնց ընթացքում օդապարիկները ճոպաններով կապված լինելու պատճառով կհասնեն միայն որոշակի բարձրության, կարող են մասնակցել նաև քաղաքացիները` նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում: Ամենայն հավանականությամբ փառատոնը կդառնա ավանդական` ընդլայնելով մասնակից երկրների ցանկը: Մինչ այդ, կազմակերպիչներն անմոռանալի զգացողություններ են խոստանում 1-ին փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ այդ օրերի համար կանխատեսված բարենպաստ եղանակային պայմանները չեն փոփոխվի:

Նմանատիպ նյութեր