211652_close_icon
views-count17618 դիտում article-date 10:58 10-10-2017

«Բա տղամարդ ա, կծեծի էլ, կսիրի էլ», «ընկել ես, պիտի քաշես». ընտանիքը քանդելու կարճ ճանապարհը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը չի ենթադրում այն սարսափները, որոնք նկարագրում են այդ նախագիծը չկարդացած, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան լսած մեր համաքաղաքացիները: Մասնավորապես, այնտեղ որևէ խոսք չկա ծնողական իրավունքներից զրկելու մասին: Օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ընտանեկան բռնությունը, ի տարբերություն բռնության այլ տեսակների, հաճախ մնում է լատենտ, թաքնված՝ զոհերը տարբեր պատճառներով (առաջին հերթին՝ վախից և հասարակական կարծիքի ճնշման տակ) չեն բարձրաձայնում իրենց հանդեպ կատարված հանցագործությունների մասին: Օրենքը զոհերին պաշտպանվելու հնարավորություն, իրավունք է տալիս: Իհարկե՝ եթե նրանք ուզում են պաշտպանվել: Իսկ եթե չեն ուզում, եթե ուզում են ծեծվել և բռնաբարվել և կարծում են, որ հենց դա է «ավանդական հայկական ընտանիքի հիմքը», ապա ոչ մի օրենք նրանց վրա չի տարածվի: Բայց կուզեի չսահմանափակվել այդ պարզ ճշմարտությունների արձանագրմամբ, այլ փորձել հասկանալ ընտանեկան բռնության երևույթն իր խորությամբ: Հայ և ոչ միայն հայ տղամարդկանց մեծ մասի խնդիրն այն է, որ նրանց վերաբերմունքը, մասնավորապես, ընտանիքի անդամների նկատմամբ պայմանավորվում է նրանով, թե որքանով են երեխաները և կինը համապատասխանում «լավ երեխա» կամ «լավ կին» իրենց նախօրոք ձևավորված պատկերացումներին, և որքանով են նրանք արդարացնում իրենց սպասելիքները: Այստեղից է գալիս «իրավիճակը վերահսկելու», իր ցանկություններին համապատասխան մարդկանց վերաձևելու, «դաստիարակելու» մարմաջը: Իսկ եթե կանայք և երեխաները չեն անում այն, ինչ, այդ տղամարդկանց կարծիքով, պետք է անեն, այդ դեպքում սկսվում են կոնֆլիկտները, որոնք կարող են վերածվել նաև բռնության: Իհարկե, կանանց մեծամասնությունը նույնպես ունի դիմացինին վերահսկելու ձգտում (մարդկային «էգոն» սեռական հատկանիշներ չունի): Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում տղամարդը, որպես կանոն, չի հանդուրժի, որ իրեն ծեծեն, նույնիսկ եթե նա որևէ բան «սխալ է արել», իսկ կինը կամ երեխան դա հանդուրժում են, թաքցնում են և նույնիսկ «բնականոն» են համարում: Հասարակությունը սովորաբար չի կանգնում ընտանեկան բռնության զոհի կողքին՝ ցուցաբերելով ակնհայտ փոքրոգություն՝ «եթե ծեծել են, ուրեմն մի բան եղել է»: Կամ ավելի վատ՝ «բա ամոթ չի՞, քո ամուսնու հետ քո հարաբերությունների մասին ողջ աշխարհն իմանա», «բա տղամարդ ա, կծեծի էլ, կսիրի էլ», «ընկել ես, պիտի քաշես»: Ընտանիքը քանդելու ավելի կարճ ճանապարհ չկա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր