211652_close_icon
views-count2878 դիտում article-date 13:23 02-10-2017

Արգենտինայի ՀԲԸՄ Տիկնանց միության անդամները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 1-ին Արգենտինայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Տիկնանց միության անդամները` գլխավորությամբ միության ատենապետուհի Մարթա Էմիրյանի, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Միության անդամները հանդիպում ունեցան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: Սրբազան Հայրը, հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը, անդրադարձավ Տիկնանց միության կարևոր դերակատարությանը Արգենտինայի համայնքային կյանքից ներս, մասնավորապես օգտաշատ գործունեությանը` ի նպաստ ապագա սերունդների հայեցի դաստիարակության, հայկական ինքնության և հայոց լեզվի պահպանման: Այնուհետև Նաթան Սրբազանը խոսեց Սփյուռքի համայնքների առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին: Այս առնչությամբ մեծապես կարևորվեց Հայոց Եկեղեցու առաքելությունը Սփյուռքում: Վերջում Նաթան Սրբազանը, իր գնահատանքը հայտնելով Տիկնանց միության անդամներին, մաղթեց Ամենակալ Աստծո պահպանությունն ու առաջնորդությունը և արգասաբեր գործունեություն Արգենտինայի հայկական համայնքներում: Ավարտին միության անդամները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: Նույն օրը Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց նաև Վիեննայի Պեռխդոսելդորֆի կաթոլիկ համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ համայնքի հոգևոր հովիվ Հայր Յոզեֆ Գրյունվիդելի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր