211652_close_icon
views-count4863 դիտում article-date 10:39 28-09-2017

Սուպերմենը հայերի հետ է. ամերիկյան նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին. «Ամերիկայի ձայն»

«Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է»,- հավաստում է ամերիկյան անվանի դերասան և պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը։ Տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին՝ նա որոշեց բարձրաձայնել խնդիրն աշխարհով մեկ: Նա նշում է, որ հայ ժողովուրդն այնպիսի փորձություններով է անցել, որ կարող է աշխարհից այդ փորձությունների ճանաչումն ակնկալել: Ուիլյամսը որոշում է ֆիլմ ստեղծել, որը թիրախավորում է այդ ճանաչման ճանապարհին կանգնած անձանց: Այդ գործում նրան է միանում հանրահայտ սուպերմենի դերակատար, իսկ այսօր արդեն պրոդյուսեր Թիմ Քեյնը. «Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը և դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»: Ուիլյամսի ու Քեյնի փաստավավերագրական ֆիլմը՝ «Ժխտման ճարտարապետները», նվիրված է Թուրքիայի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Այն միտքը, որ ցեղասպանությունը կարող է չճանաչված մնալ, ուղղակի խելագարություն է, դա անընդունելի է»: «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին, իսկ մինչ այդ ֆիլմը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ ցուցադրվել էր Վաշինգտոնում՝ տեղի քաղաքական գործիչների, փորձագետների և հայ համայնքի համար: Ֆիլմը բացահայտում կլինի ոչ միայն արտերկրյա, այլև հայ լսարանի համար: Այստեղ իրենց հուշերն են պատմում Մեծ եղեռնը վերապրած մարդիկ, Սումգայիթի, Բաքվի հայերը, առաջադեմ փորձագետներ, քաղաքական գործիչները: Սարսափելի ծանր տեսարանները ֆիլմում զուգակցվում են սկանդալային բացահայտումներով: Բացահայտումներ, որոնք, հեղինակների կարծիքով, լույս են սփռում Հայոց ցեղասպանության ժխտման ճարտարապետների վրա: «Կարևոր է անցյալի անարդարությունների վրա լույս սփռել: Եկեք բարձրացնենք այդ գորգը և նայենք, թե ինչ է թաքնվում դրա տակ», - ցուցադրմանը ներկա կոնգրեսական Ռալֆ Աբրահամի կարծիքով, անցյալի ժխտումը երբեք չի կարող բերել հաջողությունների ապագայում: Այդ կարծիքը կիսում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը: Դեսպանի խոսքով, ֆիլմի էմոցիոնալ ազդեցությունը տպավորիչ է: Արդյո՞ք այն կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ջոն Էվանսի պատասխանն է՝ այո. «Այն նման է ժայռը քայքայող ջրի կաթիլների, յուրաքանչյուր կաթիլ մոտեցնում է հաղթանակը, յուրաքանչյուր լույսի կաթիլ օգնում է վերջ տալ խավարին»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4047147.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր