211652_close_icon
views-count1700 դիտում article-date 13:49 27-09-2017

Երևանում անցկացվել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի 24-րդ հանդիպումը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության հրավերով՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ԻԿԱՕ) Երևանում անցկացրել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի (Air Traffic Management Group East (ATMGE)) 24-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, ինչպես նաև՝ հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին և հյուրերին, նշել է. «ԻԿԱՕ-ն, հանդիսանալով անվտանգ թռիչքների հիմք, մշտապես համագործակցում է բոլոր գործընկերների հետ՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով»: Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի հանդիպման հիմնական նպատակն է բարձրացնել Օդային երթևեկության կազմակերպման անվտանգության մակարդակը: Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ոլորտի առկա խնդիրները, մշակվել են նոր մոտեցումներ և գաղափարներ, ինչպես նաև՝ աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողներն իրենց փորձը կիսել են մասնակից երկրների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների փորձագետների հետ: Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունն ԻԿԱՕ-ի անդամ է դեռևս 1992 թվականից: Հավելենք նաև, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիան գերազանց ցուցանիշներով անցել է կազմակերպության կողմից սահմանված թռիչքային անվտանգության վերահսկողությունը:

Նմանատիպ նյութեր