211652_close_icon
views-count3704 դիտում article-date 13:10 27-09-2017

Հայաստանը սկսել է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել. նախարարություն

Տարեսկզբի 8 ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։ Արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաև դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Դա հնարավոր է դարձել փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեյշոնալ Էներջի» կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագրի կնքման արդյունքում, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։ Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչև տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։ Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Նմանատիպ նյութեր