Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը Անկախության տոնին լավագույն նվերն արեց՝ դուրս գալով եզրափակիչ
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի թայ-բրեյքը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ պարզապես ինֆարկտային մրցամարտ անցկացրեց: Թայ-բրեյքի բոլոր փուլերում այդպես էլ հաղթող չճանաչվեց. Արոնյանը գրեթե ամեն անգամ հաղթական դիրք էր ստանում, սակայն հետո ցավալիորեն բաց թողնում այն:
Ամեն ինչ որոշվեց «Արմագեդոնում», որտեղ սպիտակներով խաղացող Արոնյանը միայն հաղթանակ պետք է տաներ, քանի որ ոչ-ոքին հաշվում է մրցակցի օգտին: Ու Լևոնը հաղթեց: Ծաայրաստիճան բարդ հաղթանակ: Բայց միաժամանակ հրաշալի նվեր էր հայ մարզասերներին և լավագույն նվերը՝ Անկախության տոնին:
Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ և աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու ուղեգիր ստացավ: Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի չինացի Դինգ Լիրենը, որը պայքարից դուրս թողեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Նշենք, որ եզրափակիչում չորս պարտիա կանցկացվի: Վաղը մրցաշարում հանգստյան օր է: