211652_close_icon
views-count4180 դիտում article-date 22:50 20-09-2017

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում Երևանի քաղաքապետարանի և Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի և Արգենտինայի ՀԲԸՄ թեմի նախաձեռնությամբ բացված ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների 20 գեղանկար, 10 քանդակ և 5 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արվեստագետներ ու արվեստասերներ: «Երևանի քաղաքապետարանը ողջունում և կարևորում է նմանօրինակ նախաձեռնությունները, հատկապես եթե դրանք ուղղված են սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Արցախին ցուցաբերվող աջակցությանը: Մենք բաց ու պատրաստակամ ենք մշտապես աջակցելու մշակութային նման միջոցառումներին»,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը: Ցուցահանդեսի բացման առթիվ հրատարակվել է նաև աշխատանքների գիրք-ալբոմը: «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը: Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախին:

Նմանատիպ նյութեր