211652_close_icon
views-count4816 դիտում article-date 21:09 29-03-2016

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է թանգարանի իրանական հավաքածուի ավելի քան 70 ցուցանմուշ: Ցուցադրության հիմնական մաս են կազմում 18-19-րդ դարերի մանրանկարների և գեղանկարների, գորգագործության, գործվածքների, կենցաղում օգտագործված պղնձե տարբեր առարկաներ: Ցուցասրահն առանձնահատուկ զարդարել է Սարդարի պալատի 19-րդ դարի հայելազարդ դահլիճի մարմարի շատրվանը: Միջոցառմանը ներկա քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ընդգծելով հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները, նկատել է, որ պատահական չէ, որ Երևանի պատմության թանգարանի հավաքածուի առանձին մասն են կազմում Արևելքի երկրների, այդ թվում Իրանի մշակույթը ներկայացնող ցուցանմուշները: «Դիվանագիտական 25 տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրացել: Ընդլայնվել և ամրանում է նաև Երևանի և իրանական քաղաքների միջև տարբեր ոլորտներում առկա, հատկապես միջմշակութային համագործակցությունը: Պետք է նշեմ նաև, որ բազմաթիվ հայ արվեստագետներ տարբեր դարաշրջաններում զգալի ներդրում են ունեցել իրանական մշակութային կյանքում և ներկայացված ցուցանմուշներում ևս հայկական հետքն առկա է: Ուրախ եմ, որ մայրաքաղաքում բացվել է նման ցուցահանդեսը, որը, վստահ եմ, կհետաքրքրի ինչպես մեր համաքաղաքացիներին, այնպես էլ իրանցի զբոսաշրջիկներին»,-նկատել է Արամ Սուքիասյանը: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մեջիդ Մուշքին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ այս օրերին իրանցի մեծաթիվ զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու նման հետաքրքիր ցուցադրության: «Ցուցադրությունը կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Յուրաքանչյուր երկրում միշտ էլ փնտրում և փորձում ես գտնել քո երկրից մի մասնիկ: Այստեղ այցելուներից յուրաքանչյուը կգտնի մշակույթերի երկխոսություն, որը մեր բարեկամության խորհրդանիշն է»,-նշել է Մեջիդ Մուշքին: «Մշակույթների երկխոսություն» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 9-ը:

Նմանատիպ նյութեր