Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին՝ տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:
«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել արհավիրքի հետևանքները:
Կիսելով Ձեր և Մեքսիկայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: