211652_close_icon
views-count2378 դիտում article-date 14:26 13-09-2017

Առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել դեղագործական 15 ընկերությունների հետ

Կարևորելով դեղերի անվտանգությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական դեղագործական 15 ճանաչված ընկերության տարածաշրջանային անվտանգության պատասխանատուների հետ։ Հիմնական նպատակը տարածաշրջանում այդ ընկերությունների կողմից արտադրվող դեղերի կեղծման դեպքերի բացահայտումն ու դրանց կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումն է։ Այս համագործակցության շրջանակում հերթական համատեղ միջոցառումը դեղերի շրջանառության կարգավորման հարցերին նվիրված «Դեղերը և սպառողի անվտանգությունը» խորագրով համաժողովն էր։ Դեղերի շրջանառության ոլորտում առկա մարտահրավերներին, սպառողի անվտանգության ապահովմանը վերաբերող և այլ հարցերի մասին ելույթներ են ունեցել Սանոֆի և Պֆայզեր դեղագործական ընկերությունների, ինչպես նաև կենսաակտիվ հավելումներ արտադրողների միության ներկայացուցիչները: Անդրադարձ է կատարվել նաև կեղծ դեղերի շրջանառության կանխարգելման հարցերին: Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և օտարերկրյա դեղագործական ընկերությունների դեղերի անվտանգության հարցերով պատասխանատուները։ Մինչև սպառողին հասնելը, դեղը պետք է անցնի մի շարք գործընթացներ՝ երաշխավորելու համար, որ սպառողը ստանում է որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղ: Այս երեք հատկանիշներով է պայմանավորված դեղի նպատակային կիրառումը՝ որպեսզի այն իսկապես բուժի կամ կանխարգելի հիվանդությունները: Բայց, քանի որ սպառողը չի կարող ինքնուրույն գնահատել դեղի այս հատկանիշները` դրա շրջանառության բոլոր օղակներում` ստեղծումից մինչև կիրառում, իրականացվում է կենտրոնացված հսկողություն։ Որակյալ դեղը սպառողի անվտանգության հիմնական բաղկացուցիչներից է, այդ իսկ պատճառով առողջապահության մարմիններն ակտիվորեն պայքարում են դեղերի կեղծման դեմ: Այս ամենի մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ համաժողովի մի խումբ մասնակիցների հանդիպման ընթացքում։ Եվրոպական դեղագործական ճանաչված ընկերությունների տարածաշրջանային անվտանգության պատասխանատուներն ընդգծել են, որ այս ձևաչափով համագործակցությունն արդյունավետ է։ Դեղերի նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվել է նախարարության, ինչպես նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կայքում տեղեկատվություն զետեղել զուգահեռ ներմուծվող դեղերի մասին, որպեսզի դեղագործական ընկերությունները տեղեկացված լինեն և կարողանան աջակցել դրանց նկատմամբ վերահսկողության իրականացմանը: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է կենսաակտիվ հավելումների շրջանառության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտության հարցը։ Կարևորելով դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովումը՝ Լևոն Ալթունյանն առաջարկել է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ դեղերի կլինիկական փորձարկումներն իրականացնելիս, առավել արդյունավետ դարձնել պետական ու մասնավոր ընկերությունների համագործակցությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։

Նմանատիպ նյութեր