211652_close_icon
views-count3473 դիտում article-date 22:07 11-09-2017

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում: Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվեց հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ: Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։

Նմանատիպ նյութեր