211652_close_icon
views-count6061 դիտում article-date 18:14 11-09-2017

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել անընդհատ երթևեկությանը խոչընդոտող ավտոկայանատեղերի կարգաբերման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով, ՃՈ հետ համատեղ, պարբերաբար փոփոխություններ են կատարվում նաև խաչմերուկների լուսացույցների աշխատանքների կազմակերպման սխեմաներում: Ըստ այդմ, մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում արդեն իսկ ապահովված է աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության հնարավորությունը: Դրական գնահատելով տրանսպորտային հոսքերի բեռնաթափման ուղղությամբ տարվող վերոնշյալ աշխատանքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ արդեն իսկ աջ ուղղությամբ անընդհատ երթևեկություն ունեցող որոշ խաչմերուկների մոտ գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանազատված հատվածները որոշակի խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար: «Մենք Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պարբերաբար քննարկում և երթևեկության որոշակի փոփոխություններով փորձում ենք բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները: Այդ առումով շատ դրական արձագանք է գտել նաև խաչմերուկներում աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության ապահովումը: Սակայն նման երթևեկությամբ ապահովված որոշ խաչմերուկներում ունենք որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են ավտոկայանատեղերի խաչմերուկներին մոտ գտնվելու հանգամանքով: Դրանք իսկապես ավելորդ անհարմարություններ են ստեղծում վարորդների համար, ուստի ուսումնասիրեք և գույքագրեք նմանատիպ բոլոր խաչմերուկներն ու վերանայեք տվյալ հատվածներում ավտոկայանատեղերի կազմակերպման համար տրված թույլտվությունները՝ դրանց համար սահմանելով այնպիսի տարածություն, որը չի խոչընդոտի երթևեկությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր