87895 դիտում
13:04 10-09-2017
Առեղծվածային ու արտակարգ դեպք Արմավիրի մարզում. լսվել է պայթյունի ձայն. տունն ամբողջովին վերածվել է ավերակի. ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում Խորոնք գյուղի Հովհաննես Շիրազի փողոցի թիվ 29 տանը, դեռևս անհայտ պատճառներով, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հեևանքով տանը տեղի է ունեցել փլուզումներ, պատերն ամբողջովին փլվել են, կոտրվել են պատուհանները, դռներն ու գույքը:
Տան հյուրասենյակում այդ պահին եղել է 15-ամյա Արտակ Ամիրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել:
Տան ընտանիքի անդամները՝ 57-ամյա Քնարիկ Ամիրյանը, 37-ամյա Սամվել Ամիրրայնը, 34-ամյա Սուզաննա Գրիգորյանը, մանկասհասակ երեխաների՝ 14-ամյա Քնարիկ Ամիրյանի և 2 տարեկան Քրիստիկ Ամիրյանի հետ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ անելիս են եղել:
Օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Այս պահին տեղում աշխատում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ Արայիկ Նավասարդյանը և դեպքի վայր են ժամանում փորձաքրեագետները՝ ինչպես Ոստիկանության, այնպես էլ Արտակարգ իրավիճակների նախարարության:
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ ողջ գյուղի համար առեղծված է, իսկ վերջնական պատասխանը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժածների հարևաններն ասում էին. «Ընտանիքը հայտնվել է դրսում: Գիշերել են հարևանների տանը: Օրվա քրտինքով հաց վաստակողներ են: Խնդրում ենք պատկան մարմիններից, մասնավորապես՝ Արմավիրի մարզպետարանից, Ազգային ժողովի մեր պատգամավորից, որպեսզի հնարավորին սահմաններում օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին: Հակառակ դեպքում՝ նրանք միայնակ ի վիճակի չեն զրոյից վերանորոգեն ավերակների վերածված տունը»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+