211652_close_icon
views-count2116 դիտում article-date 14:47 08-09-2017

Արդարադատության նախարարության «նախազգուշացում» վարչական տույժը «Մարտիկ» հիմնադրամի գործունեության օրինականությունն այդպես էլ չի ապահովել. Ա. Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին. «Հարգելի պարոն Հարությունյան, Ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայ ժողովրդի «թուլությունը» Հայոց բանակն է և անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդն ակնհայտ պատրաստակամություն է դրսևորում բանակի համար գումար հավաքելու ցանկացած նախաձեռնությանը: Այս «թուլության» մասին է փաստում նաև 2002-ին հիմնված «Մարտիկ» հիմնադրամը, որի նպատակն է եղել նպաստել Հայաստանի հզորացմանը, նրա պաշտպանության ամրապնդմանը, հրամանատարական կազմի կրթական բարձր ցենզի ապահովմանը: Ակնհայտ է, որ նման ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների կամ հիմնադրամների նկատմամբ, միայն հասարակական անբեկանելի վստահությունը կարող է ապահովել նրանց գործունեության հարատևությունը: Միայն հասարակական լուրջ վստահությունը կարող է զարգացնել համակարգն ու նպաստել հասարակության ներգրավմանը: Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հանրային վստահություն կարող է ձևավորվել, երբ համակարգն աշխատում է հրապարակային և հասարակության համար տեսանելի է, թե ինչպես են կառավարվում համապատասխան միջոցները, որքանով են դրանք թափանցիկ ու որքանով են հաշվետվությունները համոզիչ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի և Գ. Սարգսյանի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Սեդրակյանի նկատմամբ մի քանի անգամ կիրառվել է վարչական տույժ «Նախազգուշացում» (04,12,2006, N7/0104, 18.04.2013թ. N007/13, 16.05.2014թ.,NՎՏ/047/01/14), որով 2013թ.-ին հանձնարարվել է տարեկան հաշվետվությունները շտկել և հրապարակել azdarar.am-ում և արդյունքների մասին տեղեկացնել Տեսչությանը, իսկ 2014-ին հանձնարարվել է սահմանված կարգով այդ մասին ծանուցել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով շտկված հաշվետվության օրինակը: «Մարտիկ»-ի հաշվետվություններն այդպես էլ չեն շտկվում, որովհետև 2017 թվականի հունվարի 17-ին azdarar.am-ում դրված 2016թ. հաշվետվության բովանդակությունը նույնպես չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի 2009թ. դեկտեմբերի 24-ի N319-Ն հրամանին, որովհետև այնտեղ կրկին ամբողջությամբ լրացված չեն հաշվետվության բոլոր տողերը, մասնավորապես՝ լրացված չեն Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն ազգանունները, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը, կանոնադրության խախտմամբ, վերանվանվել է «կառավարիչ»: Հաշվետվությունների և աուդիտորական կազմակերպությունների եզրակացությունների մեջ չեն անդրադառնում, թե «Մարտիկ»-ի գործադիր մարմնի ո՞ր աշխատակիցը ինչ աշխատանքի դիմաց է վարձատրվել: Կամ, եթե «Մարտիկ»-ի կանոնադրությամբ վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված է 10%, ապա ինչո՞ւ է 2015թ.-ի հաշվետվության մեջ այն կազմում 20%: Ես` որպես «Մարտիկի» հիմնադրամի անդամ, որպես քաղաքական և հասարակական գործիչ և ուղղակի որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, խնդրում եմ պարզաբանել, թե ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետերի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի նկատմամբ «Նախազգուշացում» վարչական վերոնշյալ որոշումները շարունակական չկատարելն ի՞նչ հետևանք է ունեցել և ունենալու»:

Նմանատիպ նյութեր