Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել սխալ տեղեկություն տարածելու համար
Ռումինիայի պաշտպանության նախարար Ադրիան Ցուցույանուն հրաժարական է տվել: Պատճառը նախարարության մամուլի ծառայության հրապարակած սխալ տեղեկությունն է զինծառայողների աշխատավարձերի ուշացման վերաբերյալ:
Ռումինական լրատվամիջոցները, հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը, գրել էին, որ պաշտպանական գերատեսչությունը միջոցներ չունի զինծառայողների աշխատավարձերը վճարելու համար:
Ռումինիայի ֆինանսների նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում:
Ցուցույանուն նշել է, որ սխալվել է՝ վարչապետին տեղյակ չպահելով ծագած խնդրի մասին, այդ պատճառով որոշել է հրաժարական տալ:
Ռումինիայի վարչապետ Միհայ Տուդոսեն ընդունել է Ցուցույանուի հրաժարականը: