211652_close_icon
views-count2516 դիտում article-date 21:50 30-08-2017

«Մեզ համար մեծ քաջալերանք է մեր աշխատանքի բարձր գնահատականը». Տեր Անդրանիկ քահանա Մալճյան

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վալանսի Դավիթյան մեկօրյա դպրոցի տնօրեն, Վալանսի հայ համայնքի ղեկավար Տեր Անդրանիկ քահանա Մալճյանին և երեցկին Ռուզան Մալճյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, ակտիվ մասնակցությունը երիտասարդ սերնդի կրթական գործընթացի կազմակերպմանն ու հայեցի դաստիարակությանը,պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին: Նախարարը հետաքրքրվեց համայնքի և դպրոցի հաջողություններով, կարիքներով, պատրաստակամություն հայտնեց օգնել հզորացնել համայնքը: Քննարկվեցին ուսուցիչների վերապատրաստման, նախարարության ծրագրերին երիտասարդների մասնակցության հարցեր: Տեր Անդրանիկ քահանա Մալճյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, նախարարության կողմից վերջերս ստացած պարգևի համար, հավելեց. «Շնորհակալություն, մեզ համար մեծ քաջալերանք է մեր աշխատանքի գնահատականը: Դպրոցը մեր աշխատանքի կենսական մասն է կազմում: Այսօր հաջողություն ենք գրանցել՝ շնորհիվ նորաստեղծ դասարանների»: «Դավիթյան» դպրոցը իր հիմնադրման օրվանից եղել է ծխական դպրոց։ 1992-ից ի վեր դպրոցը փոխադրվել է Սուրբ Սահակ եկեղեցուն հարակից շենք, որտեղ տարիների ընթացքում բազմաթիվ սերունդներ են թրծվել հայկական ոգով և սովորել հայերեն կարդալ, գրել և խոսել։ Տեր Անդրանիկ քահանա Մալճյանը դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնել է մոտ 20 տարի առաջ, երբ աշակերտության թիվը 43 էր, իսկ այսօր դպրոցն ունի ավելի քան 175 աշակերտ։ Նկատի ունենալով համայնքի ընդհանուր պատկերի փոփոխությունը՝ Տեր Անդրանիկը Ֆրանսիայում առաջինն է նախաձեռնել արևելահայերենի դասավանդման դասարան բացել: Այսօր արդեն գործում է արևելահայերենի երեք դասարան։ Ներկայումս դպրոցում աշխատում է 10 ուսուցչուհի։ Գործում է նաև ծնողական հանձնախումբը՝ Տեր Անդրանիկ քահանա Մալճյանի տնօրինությամբ։ Վալանսում բնակվում է ավելի քան 15 000 հայ: Քաղաքում գործում են Սուրբ Սահակ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցիները:

Նմանատիպ նյութեր