211652_close_icon
views-count2708 դիտում article-date 16:44 30-08-2017

Հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են հիվանդներին անհրաժեշտ բուժում տրամադրելու համար. ՀՀ ԱՆ

Քրոնիկ երիկամային հիվանդությունները (ՔԵՀ) 21-րդ դարի հանրային առողջապահության գլոբալ խնդիրներից են: Տարեցտարի աշխարհում արձանագրվում է ՔԵՀ հիվանդացության և դրա հետևանքով առաջացած մահացության ցուցանիշների կայուն աճ (քրոնիկ երիկամային անբավարարությունն ըստ մահվան պատճառների զբաղեցնում է 11-րդ տեղը): Դրանց պատճառներից են կյանքի միջին տևողության ավելացումը, ինչպես նաև ՔԵՀ հանգեցնող հիվանդություններով հիվանդացության ցուցանիշների աճը: Հետևաբար, տարեցտարի ավելանում են հեմոդիալիզի կամ երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները, ինչպես նաև դիալիզի և փոխպատվաստման համար անհրաժեշտ ծախսերը: ՀՀ բնակչությանը մատուցվող հեմոդիալիզի ծառայությունների որակի և մատչելիության բարելավման խնդիրը մշտապես ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Եվ խնդրի լուծման նպատակով հետևողական քայլեր են ձեռնարկվում: Այսպես, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնակչությանը ծրագրային հեմոդիալիզային ծառայությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ ամբողջ կյանքի ընթացքում: Ծառայությունը կազմակերպվում է ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունքում: Երևանում հեմոդիալիզի ծառայություն գործում է 5 բազմապրոֆիլ հիվանդանոցում, իսկ մարզային առողջապահական համակարգում՝ 7 մարզի 9 բուժհաստատությունում, այդ թվում` գրեթե բոլոր հեռավոր վայրերում, ինչն այդ մարզերի բնակչությանն ազատել է յուրաքանչյուր շաբաթ 3 անգամ Երևան գալու պարտադրվածությունից: Հաշվարկները վկայում են, որ Հայաստանում հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են և առաջիկա տարիներին կբավարարեն բոլոր հիվանդներին երիկամային փոխարինող բուժում տրամադրելու համար։ Նշենք, որ երիկամային փոխարինող բուժման կարիք ունեցող հիվանդերի թիվն ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում, տարեկան ավելանում է շուրջ 10%-ով: Եթե 2010թ. Հայաստանում առկա էր 128 դիալիզային տեղ, որից 94-ը` Երևանում, 34-ը` մարզերում, ապա 2016թ.` 167 դիալիզային տեղից 115-ը Երևանում է, 52-ը` մարզերում: 1993թ.-ից «Արաբկիր» ԲԿ-ում կատարվում են երիկամի փոխպատվաստման վիրահատություններ: 2002-2016թթ. ընկած ժամանակահատվածում տարեկան իրականացվել է շուրջ 10 փոխպատվաստում` միայն կենդանի դոնորներից: Ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում իրականում երիկամի փոխպատվաստման կարիք ունի հեմոդիալիզ ստացող հիվանդների շուրջ 85%-ը: Ներկայումս ՀՀ ԱՆ դիտարկում է երիկամի փոխպատվաստման համար տարեկան ֆինանսավորման ավելացման հնարավորությունը՝ մինչև 2022 թվականը հասցնելով 70 փոխպատվաստման:

Նմանատիպ նյութեր