Գյումրին անեկդոտի պատ կունենա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրին անեկդոտի պատ կունենա: Գաղափարը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությանն է: Նախատեսվում է ընտրել Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի շենքերից մեկի պատը, և տեղադրել Գյումրիում ծնված անեկդոտները:
«Գյումրին հումորի մայրաքաղաք է, բայց անեկդոտները, կատակները միայն բերանացի`պատմելով են շրջանառության մեջ դրվում: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել անեկդոտների պատ, որը, ի տարբերություն չինական կամ գերմանականի, բաժանարար նշանակություն չի ունենա: Այն լինելու է համախմբող և Գյումրի հրավիրող պատ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համակարգող Արսեն Վարդանյանը:
Վերջինս ասում է, որ հնարավորության դեպքում նաև ստեղծվելու են պայմաններ, որպեսզի այցելուները ևս կարողանան գրառումներ կատարել:
«Մտածել ենք նաև այնպես անել, որ մարդիկ հնարավորություն ունենան գրառումներ կատարել, բայց սկզբնական շրջանում միայն անեկդոտները կտեղադրենք: Տեսնենք, եթե չեն վնասում, կստեղծենք հնարավորություն, որ մարդիկ ևս կարողանան գրառումներ կատարել»,- ասում է Արսեն Վարդանյանը:
«Նպատակը կոլորիտային Գյումրին պահպանելն է, ինչպես նաև ուշադրություն հրավիրել շենք-շինությունների, պատերի վրա: Երբ հյուրեր են գալիս Գյումրի, նրանք գնալուց հետո պատերը կհիշեն կատակներով, ոչ թե փլատակներով»,- եզրափակում է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]