211652_close_icon
views-count3095 դիտում article-date 12:03 01-08-2017

Հարկադիր կատարման ծառայությունն արձագանքել է լրատվամիջոցի բաց նամակին

Ս/թ հուլիսի 29-ին «www.1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված քաղաքացի Անժելա Բալյանի՝ Հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթին առնչվող բաց նամակի վերաբերյալ Ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը. Բաց նամակում նշված՝ ք. Երևան, Հովհաննիսյան փ. 12 շ., թիվ 35 բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ/0492/02/15 կատարողական թերթի հիման վրա: Ավելին, աճուրդով իրացված բնակարանը հանդիսացել է գրավի առարկա, որի վրա բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն նախատեսված է վերոհիշյալ կատարողական թերթով: Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործընթացը կատարվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որի շրջանակներում պարտապաններն արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու որոշման մասին պատշաճ ծանուցվել են պատվիրված ծրարով: Ավելին, համապատասխան որոշումը նրանց է հանձնվել նաև առձեռն, ինչը հաստատված է վերջիններիս ստորագրություններով: Հետագայում վտարման կատարողական գործողություններ կատարելու մասին որոշումը կայացվել է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածի, այն է՝ «Հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով»: Վիճարկման հայցի հիման վրա կասեցված վտարման կատարողական գործողությունների՝ հարկադիր կատարողի կողմից վերսկսման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի կողմից 26.06.2017թ. կայացված «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկումը մերժելու մասին» որոշումը: Սույն որոշմամբ դատարանը մերժել է Անժելա Բալյանի և Հրաչյա Սահակյանի՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին և վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունները՝ մասնավորապես նշելով նաև. «Միաժամանակ սույն վարչական գործով հիմնական պահանջով վիճարկման առարկա չհանդիսացող վարչական ակտի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը ենթակա չէ կիրառման»:

Նմանատիպ նյութեր