211652_close_icon
views-count6524 դիտում article-date 17:05 27-07-2017

Իսրայելը պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև մեզ. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի Հայաստան այցին: Նա ասաց, որ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, եղել են բավականին մեծ թվով պաշտոնատար անձինք: «Ընդհանուր առմամբ բնական է, որ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե կան նաև կնճռոտ ծալքեր, և շատ կարևոր է, որ լինի երկխոսություն, որ պետությունները միմյանցից այնուամենայնիվ մեկուսացված չլինեն. այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Իրանի արձագանքին, ապա արտաքին գործերի նախարարի տեղակալն ասաց. «Մենք միշտ ելնում ենք մեր շահերից, երբ կառուցում ենք հարաբերություներ»: Անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է և հրապարակային հնչել է: «Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետություն, այդ թվում նաև մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից»,- ասաց նա: Իսկ Իսրայելի հետ ռազմական համագործակցության առումով նա ասաց, որ զենքի վաճառքը մի բան է, իսկ ռազմական համագործակցությունը այլ բան և հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

Նմանատիպ նյութեր