7869 դիտում
16:37 11-05-2016
Բաքուն լռում է այն մասին, որ նաև կան ԼՂ շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ. Շավարշ Քոչարյան
[b]Հարց[/b]. Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ բանակցություններին:
[b]
Շավարշ Քոչարյան[/b]. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել:
[b]Հարց[/b]. Տեսականորեն գործում է զինադադարը: Ինչու՞ այն չի պահպանվում:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինրադադարի մասին եռակողմ (Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան) պայմանագրով: Չնայած պարբերաբար խախտումներին՝ այն առ այսօր գործում է: Ապրիլի 2-ին Ադրբեջանը խախտեց այդ պայմանագիրը՝ ծավալելով ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության, վերականգնվեց 1994թ. պայմանագրի գործողությունը: Ադրբեջանը փորձում է տապալել Մինսկի գործընթացը: Այժմ կարևոր է, որ զինադադարի ռեժիմն ամրապնդվի: Մեզ մոտ զինվորները ապրիլի 5-ից հետո էլ են զոհվել:
[b]Հարց[/b]. Մյուս կողմում էլ նույնն է, հայտնում են Բաքվից:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Չեմ կարող դա բացառել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված է պատասխանի կրակոցներին:
[b]Հարց[/b]. Ինչու՞ դա տեղի ունեցավ հենց այս ժամանակ:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Սա Բաքվին ուղղվելիք հարց է: Տարբեր պատճառներ կարող են լինել: Բաքվի քաղաքականությունն է՝ այս հակամարտությունը բռնի ճանապարհով լուծել: Ակնհայտորեն, խաբկանք ունեին՝ բլիցկրիգ իրականացնելու: Դա չհաջողվեց: Երկրում մեծ դժգոհություն կա՝ կապված կոռումպացված ռեժիմի հետ: Պատերազմի միջոցով կարելի է ուշադրությունը շեղել:
[b]Հարց[/b]. Միգուցե, սա փորձնական քայլ էր: Կարո՞ղ են Հայաստանն ու Ղարաբաղն իրենց քաղաքացիներին ընդհանրապես պաշտպանել:
[b]
Շավարշ Քոչարյան[/b]. Պատերազմը վտանգ է բոլորիս համար՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների: Իրենք ցույց տվեցին, որ իրենք այդ պայմանավորվածություններին չեն հետևում: Երբ խոսքը գնում է զինտեխնիկային, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում:
[b]Հարց[/b]. Ի՞նչ ելք կա այս չափազանց վտանգավոր իրավիճակից:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել: Բաքուն ամբողջ ընթացքում պահանջում է վերադարձնել «գրավյալ» տարածքները, սակայն լռում է այն մասին, որ նաև կան Լեռնային Ղարաբաղի շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում խոսվում է Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այստեղ փոխզիջման հնարավորություն կա:
[b]Հարց[/b]. Դուք պատրա՞ստ եք դրան:
Շավարշ Քոչարյան. Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք [ԼՂ-ն] պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը:
[b]Հարց[/b]. Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի կողմից ճանաչման շուրջ:
[b]Շավարշ Քոչարյան.[/b] Ինչպես հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:
[b]Հարց[/b]. Ռուսաստանը սկսել է միջնորդական նոր նախաձեռնություն: Արդյո՞ք Մոսկվան իրոք ձեր դաշնակիցն է:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Ռուսաստանը միջնորդ է հակամարտություան մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն:
[b]Հարց[/b]. Հայկական հասարակությունում սուր քննադատություն է հնչում Ռուսաստանի դերի առնչությամբ: Հիմնական խնդիրը՝ երկու կողմերին էլ զենքի վաճառքն է:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ:
[b]Հարց[/b]. Բայց դա նաև Ձեզ կվերաբերեր:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Բնականաբար: Դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1723 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ