Թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 նմուշ է ցուցադրվում
Հուլիսի 19-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում ցուցադրվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պատմամշակութային արժեքներ:
Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ազգային պահուստի թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 նմուշ: Ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ հայկական ավանդական գոտիների (XIX դարավերջ-XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմական տարբեր շրջանների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները պատրաստված են ձուլման, փորագրման, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով: Ցուցադրվել են նաև կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ (XIX դարավերջ-XX դարասկիզբ)՝ պատրաստված հայ վարպետների կողմից, ինչպես նաև դարասկզբի գործարանային արտադրության:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը։