Մայր Աթոռի վեհարանում ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն
Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի և Վերա Սեդրակյանի բարերարությամբ: 2010-14 թթ.-ի հիմնանորոգությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հին Վեհարանում հաստատվում են Հայոց Հայրապետներին և արքաներին նվիրված ցուցասրահներ, որտեղ զետեղված են նրանց գեղանկարները, նվիրական առարկաներ և անձնական իրեր:
Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված գահասրահում` «Ծաղկյա դահլիճում», ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն: Այստեղ է նաև 1837 թ.-ին Մադրասում պատրաստված Հայոց Հայրապետների պատմական գահը և Հայրապետական արծիվը, որ պատկանել է Փիլիպոս Ա Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1632-1655 թթ.):
Սրահներից մեկում ցուցադրության են դրված նաև Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, ներկայացված են հայկական արծաթագործության և ասեղնագործության եզակի ստեղծագործություններ, ծիսական պարագաներ: