211652_close_icon
views-count5701 դիտում article-date 15:59 19-07-2017

Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Դեռ 1989-94 թվականների Արցախյան պատերազմի օրերից Դուք ապացուցել եք, որ նվիրված եք Արցախի ժողովրդին, որ հայրենասեր ու պետականամետ գործիչ եք: Հրադադարի կնքումից հետո էլ մասնակցել եք պետականաշինությանը, ազգին, հայրենիքին, Արցախին եւ արցախցուն ծառայություններ եք մատուցել տարբեր կարեւորագույն պաշտոններում: Արդեն շուրջ տասը տարի նաեւ հայկական Արցախ պետության ղեկավարն եք: Ձեր հայրենասիրությունն ու կազմակերպական ներուժը հերթական անգամ դրսեւորվեցին նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին: Հարգարժա՛ն Բակո Սահակի, փոխանցեք իմ եւ եռասերունդ երկրապահական ընտանիքի շնորհավորանքներն Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արդեն որերորդ անգամ Արցախ պետությունում կազմակերպվեցին ժողովրդավարական ընտրություններ: Արցախցին արդեն երկար տարիներ կարողանում է ապացուցել, որ ինքն օրինակելի պետություն է կառուցել, որ Արցախում գործում են բոլոր պետական հաստատությունները, բոլոր ժողովրդավարական նորմերը: Մեկ անգամ եւս հիմնավորապես ներկայացվեց աշխարհին, որ Արցախն առավել կայացած պետություն է, որ Արցախում առավել պաշտպանված են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանում: Արցախն անառարկելիորեն հիմնավորել է, որ չի կարող բռնակալական Ադրբեջանի կազմում լինել: Կատարվածն ամբողջ Արցախի, ողջ քաղաքական համակարգի, բոլոր կուսակցությունների եւ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի հաղթանակն է: Պարո՛ն Սահակյան, հավաստիացնում եմ, որ եռասերունդ Երկրապահը, ինչպես 1989-94-ի պատերազմի օրերին, ինչպես 2016-ի ապրիլյանի օրերին, ինչպես այսօր, այնպես էլ առհավետ կանգնած է լինելու արցախցու եւ Արցախ պետության կողքին: Աստված պահապան Ձեզ, Արցախի ժողովրդին, հայ ազգին, ամենքիս»:

Նմանատիպ նյութեր