211652_close_icon
views-count2190 դիտում article-date 11:06 14-07-2017

Ֆրանս-ամերիկյան գագաթաժողով Փարիզում. «Ամերիկայի ձայն»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը հյուրընկալել էր հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով այցելել է Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման և Առաջին աշխարհամարտին Միացյալ Նահանգների մասնակցության հարյուրամյակին նվիրված տոնակատարություններին ներկա գտնվելու, ինչպես նաև նախագահ Մաքրոնի հետ բանակցելու համար: Վերլուծաբանների կարծիքով, բանակցույունները ծանր կընթանան, քանի որ կողմերի միջև կուտակված են բազմաթիվ խնդիրներ: Ֆրանսիան դեմ է Թրամփի վարչակազմի մոտեցումներին կլիմայի փոփոխման հարցում: Բացի այդ, նախագահ Թրամփի հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհանգստացնում են ինչպես ֆրանսիական, այնպես էլ եվրոպական այլ գործընկերներին: Նախագահները քննարկել են մի շարք կարևոր հիմնախնդիրներ, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի և Ուկրայինայի հիմնախնդիրները, կլիմիայի փոփոխության փարիզյան համաձայնագիրը: Միասնական մամլո ասուլիսին վերջիններս պատասխանեցին լրագրողների հարցերին: «Այսօր մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր, ներառյալ զինադադարը Սիրիայում, Ուկրաինան և այլ հարցեր: Կարճ քննարկում ունեցանք փարիզյան համաձայնագրի շուրջ»,- ասել է նախագահ Թրամփը: «Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր խնդիրները, ինչպես նաև խոսեցինք հետագա քայլերի մասին»,- ասել է նախագահ Մաքրոնը: Ասուլիսի ընթացքում հարցեր հնչեցին նախագահ Թրամփի որդի Դոնալսդ Թրամփ կրտսերի վերջերս հրապարակած նամակագրության մասին: Նախագահ Թրամփը պաշտպանեց իր որդու գործողությունները՝ ընդգծելով, որ նա ընդամենը կարճատև հանդիպում է ունեցել մի ռուս իրավաբանի հետ, որը չէր ներկայացնում որևէ պետական մարմին: Նախագահները չխուսափեցին նաև կլիմայի փոփոխության մասին հարցերից: Այս խնդրի վերաբերյալ կողմերն ունեն հակադիր դիրքորոշումներ: Ասուլիսին հնչեցրած նախագահների պատասխանները մատնանշում են, որ տարաձայնությունները պահպանվել են: «Կլիմայի փոփոխման առնչությամբ մենք ունենք տարաձայնություններ, որոնք կապված են ինչպես նախագահ Թրամփի, այնպես էլ իմ նախընտրական խոստումների հետ: Մենք քննարկել ենք մեր անհամաձայնությունների հետ կապված հարցերը»,- ասել է Մաքրոնը: «Ինչ որ փոփոխություն կարող է տեղի ունենալ փարիզյան համաձայնագրի առնչությամբ: Կտեսնենք ինչ տեղի կունենա: Մենք կրկին կանդրադառնանք այս հարցին մոտակա ժամանակներում»,- նշել է Թրամփը: Նախագահ Թրամփի այցը Ֆրանսիա շարունակվում է: Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:

Նմանատիպ նյութեր