211652_close_icon
views-count1785 դիտում article-date 19:27 07-10-2016

Փարիզում՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն

Հոկտեմբերի 5-ին Փարիզում՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Իլ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի պատվավոր ներկայությամբ: Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի մի շարք սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հարյուրավոր այլ հյուրեր: Ազգային տոնի միջոցառումը մեկնարկեց ֆրանսահայ «Նավասարդ» համույթի կողմից մշակութային ծրագրով, որին հաջորդեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ուղերձները: Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակը, նշեց, որ Հայաստանն իր ոգու արիության և հպարտության շնորհիվ է վերգտել իր անկախությունը: Տիկին Պեկրեսն իր խոսքում կիսվեց Հայաստան կատարած իր այցելություններից ջերմ հիշողություններով, ինչպես նաև շեշտեց Իլ-դը-Ֆրանսի և Երևանի միջև գործող համագործակցության հետագա խթանման կարևորությունը: Այնուհետև ելույթներ ունեցան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Ուղերձների շարքը եզրափակեց միջոցառման նախաձեռնող՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի փոխնախագահ Պատրիկ Կարամը` իր անվերապահ աջակցությունը հայտնելով Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին: Մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, շնորհակալություն հայտնելով Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդին միջոցառման նախաձեռնության համար, մասնավորապես, նշեց. «Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն անկախության և ազատության համար պայքարի պատմություն է, և այդ պայքարը վերջապես քառորդ դար առաջ պսակվեց նորանկախ Հայաստանի ստեղծմամբ: 25 տարի առաջ հայ ժողովուրդը վերգտավ իր ինքնիշխանությունը՝ իրագործելով աշխարհասփյուռ հայության բազմաթիվ սերունդների դարավոր երազանքը: Հայաստանի անկախությունը բացարձակ և սուրբ արժեք է, որը միավորում է աշխարհի հայերին: Եվ անկախությունը վերգտնելով, հայ ժողովուրդը ստանձնել է ինքնուրույն ուժեղ և հպարտ Հայաստան կերտելու պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որը մենք կրում ենք հպարտությամբ», - եզրափակեց իր ուղերձը դեսպան Չիտեչյանը: Ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցերում Ֆրանսիայի նշանակալի ներդրումը՝ ՀՀ դեսպանն իր երախտիքի խոստքն ուղղեց ֆրանսահայերին՝ Հայոց նորանկախ պետականության առաջին իսկ օրերից ցուցաբերած աջակցության համար:

Նմանատիպ նյութեր