Գնա տնից. «Արի տուն» ծրագրի մասնակիցները դժգոհություններ ունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայերից բազմաթիվ դժգոհություններ է ստացել:
Նրանց պատմելով՝ իրենք սոված են մնում, քանի որ ողջ օրվա համար ծրագրի ղեկավարությունը սննդի քիչ պաշար է տալիս՝ մեկ բուտերբրոդ, մեկ խնձոր ու ջուր (այս շոգին գոլ ջուր): Դեռ ավելին՝ մասնակիցների համար կազմակերպված էքսկուրսիոն ծրագրերից հետո իրենց չեն ուղեկցում տուն, այլ թողնում են քաղաքի կենտրոնում, որտեղից Երևանին ոչ քաջածանոթ երիտասարդները դժվարությամբ են հասնում իրենց բնակության վայրեր:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ նախաճաշն ու ընթրիքը հոգում են այն ընտանիքները, որոնք ծրագրի շրջանակներում երիտասարդներին հյուրընկալել են:
«Այդ մեկանգամյա սնունդը իրենից ներկայացնում է բուտերբրոդ, որն էլ մրցույթով շահած կազմակերպությունը մեքենայով հասցնում է այնտեղ, որտեղ երիտասարդները պտույտի են: Եվ հյութը, և բուտերբրոդը լինում է ըստ ստանդարտի:
Բայց եղել են դեպքեր, երբ իսկապես տարել, հասցրել են, բայց հյութը տաք է եղել: Այդ դեպքում անմիջապես ինձ տեղեկացրել են, ես էլ հուշել եմ, թե ինչպես վարվեն: Մսով, պանրով կամ բանջարեղենով լցոնած բուտերբրոդ, նաև միրգ և քաղցրավենիք են տալիս: Արդեն 9-րդ տարին է, ինչ նույնն է»,- ներկայացրեց նա:
Իսկ տուն չուղեկցելու մասով ասաց, որ ծրագիրը չի նախատեսում նման բան: Մինչդեռ, հիշեցնենք, այս ծրագրի կազմակերպման համար տարեկան հսկայական գումարներ են դուրս գրվում պետական բյուջեից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]