Երևանում անցկացվել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամկազմի հավաքը
Երևանում hուլիսի 11-13-ն անցկացվել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Հավաքին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Հավաքական անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների և հմտության ամրապնդումն է:
Հաջորդ փուլը գործնական հրաձգության տարրերի կիրառմամբ կրակային պարապմունքներն ու ձեռնամարտի ցուցադրական ելույթներն էին:
Հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքի արդյունքներն ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված եզրափակիչ խորհրդակցության ընթացքում: