Մասուդ Բարզանին բանակցում է եվրոպացիների հետ Իրաքի Քրդստանի անկախության հարցի շուրջ
Իրաքյի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին դիվանագիտական հատուկ պատվիրակության հետ այսօր ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Սեպտեմբերին անկախության հարցով հանրաքվեի պատրաստվող Իրաքի քրդերի առաջնորդը Բրյուսելում հանդիպումներ կունենա եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ Իրաքի տարածքում ձևավորվող Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է 2017թ. սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:
Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Իրաքի Քրդստանի հանրաքվեն սարսափելի սխալ է որակվել: