211652_close_icon
views-count8493 դիտում article-date 21:27 11-07-2017

Հայաստանի քաղաքականությունը պետք է ներդաշնակեցվի հիբրիդային պատերազմի մարտահրավերիներին

«Ադրբեջանը փորձում է փոխել ֆորմատը և լուծել հարցը՝ հաշվի առնելով ռազմական գործոնը: Ռուսաստանի դերը այստեղ շատ բացասական է»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, և նշեց, որ Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին համաձայնագրով որ որևէ սահմանափակում չկա, որ այդ զենքը չպետք է կիրառվի խաղաղ բնակչության, խաղաղ բնակավայրերի վրա: «Հայկական կողմը պետք է ավելի կոշտ լինի, քանի որ Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլ նաև ռազմական փորձագետներ է ուղարկում»,-ասաց նա: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, արցախյան հարցով փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով նշված խնդրին, ասաց, որ բոլորի համար հասկանալի են Ադրբեջանի նկրտումները, քանի որ ամենաբարձր չինովնիկների մակարդակով հայտարարվում է այդ մասին: «Գրեթե բոլորը խոսում են պատերազմական գործողություների մասին, թեև ոչ լայնածավալ, այլ հայկական կողմին հյուծելու նպատակ հետապնդող գործողությունների մասին, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարման համակարգը պետք է վերափոխվի»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանի քաղաքականությունը պետք է ներդաշնակեցվի առկա մարտահրավերիներին, իսկ մարտահրավերները հիբրիդային պատերազմին հավասարազոր են: «Մենք հասկանում ենք, որ այս աշխարհագրական տեղում կուտակվում է զենք, զինամթերք, ինչը վտանգներով լի է: Երբ Ռուսաստանը ասում է՝ բալանսը ապահովում ենք, բայց շարունակվում է զինտեխնիկայի ձեռքբերման մրցավազքը, ապա հասկանում ենք, որ դա լավ բան չէ»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ Հայաստանի դեմ լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ չեն միաձայն որոշում կայացնել Ադրբեջանին զսպելու համար, և իր կարծիքով՝ քաղաքական հայտարարություններից այն կողմ դրանք չեն անցնի:

Նմանատիպ նյութեր