211652_close_icon
views-count48926 դիտում article-date 10:39 10-07-2017

ԱՄՆ-ից ուղարկված գումարային աջակցությունը բաժանվեց հայրենյաց պաշտպաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու համար ամենաթանկը իր կյանքն ու առողջությունն է, բայց մեր հերոսական պատմության ընթացքում ունենք անթիվ ու անհամար օրինակներ, երբ Հայրենիքի համար ճակատագրական պահերին ազգի նվիրյալները մոռանալով թե առողջություն և թե կյանք, անվարան նետվեցին պաշտպանելու սրբության սրբոց Հայրենիքն ու հող հայրենին: Այդպես եղավ նաև քառորդ դար առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, այդպես եղավ նաև անցյալ տարի` ապրիլյան քառօրյայի ընթացքում, այդպես կլինի միշտ` քանի կա, ապրում է հայ ազգը: Քանի քանի հերոս հայորդիներ զոհվեցին և հաշմանդամ դարձան հանուն հայրենիքի ու հանուն այսօրվա: Ապրողներիս նվիրական պարտականությունն է հիշել մեր հերոսներին, հիշել հայրենիքի ազատության համար պայքար մղած զինվորներին: Եվ ահա երախտիքի դրսևորման հերթական օրինակը: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հեռարձակվող AABC հեռուստաընկերության «Բարև» հեռուստածրագրի ստեղծագործական խումբը` Սողոմոն և Նունե Ավետիսյանները և Ամերիկայում բնակվող ազատամարտիկ Հրանտ Թումասյանն օրերս հանդես եկան հայրենանվեր մի ձեռնարկումով` յուրաքանչյուրին 300-ական դոլար օգնություն ցուցաբերելով Հայրենիքում բնակվող 30 ազատամարտիկների: Օգնության գումարները գոյացել էին հայ պոեզիայի և գրականության մեծ սիրահար, սիրված ասմունքող, «Բարև» հեռուստածրագրի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանի հերթական հաղորդումներից մեկի ընթացքում կազմակերպված հանգանակությունից: Նախաձեռնության հեղինակների ուղարկած գումարները Հայրենիքում բաժանվեցին հուլիսի 9-ին, Արցախյան ազատամարտի վետերաններին: Հանգանակությունից անմասն չմնացին նաև Արցախի Հանրապետությունում բնակվող ազատամարտիկները, որոնց հասանելիք գումարները Սերգեյ Սարգսյանի հետ ուղարկվել էր դեռևս նախորդ օրը: Գումարները ազատամարտիկներին անձամբ հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Արտակ Զեյնալյանը: Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին` Ա. Զեյնալյանը նշեց, որ հայրենյաց պաշտպաններին գումարները նվիրվում է սրտանց, և թող նրանք այս աջակցությունն ընդունեն որպես երախիքի տուրք, իսկ իրենք էլ համագործակցելով ԱՄՆ-ում գտնվող հայրենասեր մարդկանց հետ, ամեն բան կանեն, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կրեն: Թվով 30 ազատամարտիկները, որոնցից հինգը` Արցախի Հանրապետությունից, ցուցաբերված աջակցության համար իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին նախաձեռնության հեղինակներին` «Բարև» հեռուստածրագրի հեղինակներին և իրենց մարտական ընկերոջը՝ Հրանտ Թումասյանին: Ազատամարտիկները իրենց խոսքերում նշեցին նաև, որ գումարի չափն այնքան էլ կարևոր չէ, այլ կարևորն իրենց` հայրենիքի սահմանների պաշտպանների հանդեպ ցուցաբերած ուշադրությունն է և մարդկային վերաբերմունքը: Վերջում հավելենք, որ 2000 դոլար հանգանակությունից տրվել է նաև ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Արման Ավետիսյանին, որը բուժում էր ստանում Լոս-Անջելոսում, 1000 դոլար հատկացվել է վիրավոր Դանիել Դավթյանին` վիրահատության նպատակով, իսկ 500 դոլար տրվել է ծանր վիրավոր Մայիս Գեղամյանին, որը, ցավոք սրտի վախճանվեց այդ օրերին... Մարդասիրությունը տարածություն և սահմաններ չի ճանաչում, մանավանդ, որ այն բխում է ի խորոց սրտի, իսկ հիմքում և ակունքներում առ նվիրական Հայրենիքն ու նրա քաջարի պաշտպանները տածած երախտագիտությունն է ու անկեղծ սերը... Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր