Նորարարություններ տեխնիկական անվտանգության համակարգում. ուսումնասիրվում է առաջատար երկրների փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն (ՏԱԱԿ) ՊՈԱԿ-ի 2017 թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ, որը վարեց կենտրոնի տնօրեն Վարդան Գևորգյանը:
Նա իր խոսքում ընդգծեց կենտրոնի կողմից փորձաքննությունների որակի բարձրացման կարևորությունը՝ նշելով, որ այդ նպատակով ուսումնասիրվել են առաջատար պետությունների փորձն ու կիրառվող նորարարությունները: Բացի այդ, մշակվել են օրենսդրական նախագծեր, որոնք ներառում են առանձնապես վտանգավոր օբեյկտների պարտադիր ապահովագրությունը:
- Դժբախտ դեպքերի քանակի նվազեցման նպատակով մշակվել և ՀՀ Կառավարությանն են ներկայացվել ԱԳԼՃԿ-ների ու գազաբալոնների փորձարկման կայանների անվտանգ շահագործման կանոնակարգերի փոփոխության նախագծերը, - ասաց Վ. Գևորգյանը:
Կենտրոնի լաբորատորիայի զարգացման նպատակով ուսումնասիրվել են ժամանակակից, եվրոպական արտադրության չափից-ստուգիչ սարքերը, որոնցով նախատեսվում է համալրել կենտրոնի լաբորատորիան:
Նիստի ընթացքում զեկույցներ հնչեցին ՀՀ տարբեր մարզերում տեխանվտանգության փորձաքննությունների, դրանց ընթացքում հայտնաբերված թերությունների և բացթողումների, ոլորտի բարելավման համար ներակայցված օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես նաև վիճակագրական տվյալների վերաբերյալ:
Նախանշվեցին նաև հաջորդ կիսամյակի անելիքները՝ համաձայն որոնց, ամբողջովին կփոխվի տեխնիական անվտանգության համակարգը, կստեղծվեն փորձարկման նոր կայանները՝ մասնավորապես բալոնների փորձարկման տեղամասեր, տեխանվտանգության փորձարկման լաբորատորիան կվերազինվի նորագույն չափիչ-ստուգիչ սարքերով, ինչպես նաև փորձագետները կվերապատրաստվեն և կորակավորվեն ԻՍՕ միջազգային չափանիշներին համապատասխան:
Ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար կենտրոնի 2 աշխատակից պարգևատրվեցին պատվոգրերով: ՏԱԱԿ տնօրեն Վ. Գևորգյանի հրամանով կենտրոնի ևս 9 աշխատակից պարգևատրվեցին հուշանվերներով ու պատվոգրերով: