211652_close_icon
views-count10695 դիտում article-date 10:47 07-07-2017

Կա մի խնդիր, որը հսկայական ներդրումներ չի պահանջում, և որը, սակայն, Հայաստանում չի լուծվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նրանք, ովքեր այս օրերին երեկոյան զբոսնում են Երևանի կենտրոնով, հավանաբար, գոհ կմնան մեր մայրաքաղաքից՝ բացօթյա սրճարաններ, ռեստորաններ, փաբեր, երաժշտություն, դյութիչ հոտեր, բազմալեզու ձայներ: Չեմ կարծում, որ այդ առումով Երևանը զիջում է որևէ եվրոպական քաղաքի: Մի բան էլ առավելություններ ունենք: Նախ՝ զվարճանքի վայրերի մեծ մասն աշխատում է մինչև ուշ գիշեր, մի քանիսն էլ շուրջօրյա են: Երկրորդ՝ ի տարբերություն բազմաթիվ այլ քաղաքների, այստեղ անվտանգ է, կարող ես կենտրոնական փողոցով քայլել թեկուզ գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին՝ քիչ է հավանականությունը, որ քեզ հետ որևէ բան կպատահի: Բայց նաև քիչ հավանական է, որ որևէ զբոսաշրջիկ Հայաստան կգա միմիայն Երևանի կենտրոնում զբոսնելու նպատակով: Իսկ ահա մնացած չափանիշներով մենք զիջում ենք թե՛ հարևաններին և թե՛ Եվրոպային: Դեպի Երևան ավիատոմսերն ավելի թանկ են, քան դեպի Թբիլիսի կամ, առավել ևս՝ Քութայիսի, ինչի պատճառով, ի դեպ, հատկապես մեր երիտասարդներն են գերադասում թռչել Վրաստանից: Հայաստանի բարձր և միջին կարգի հյուրանոցներն ավելի թանկ են, քան նույնատիպ հյուրանոցները, ասենք, Հունաստանում և Իսպանիայում՝ էլ չասած Վրաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի մասին: Դեպի Հայաստանի հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Գառնի ավտոճանապարհը, պարզ ասենք, տանջալից է: Մի շարք այլ ավտոճանապարհների վիճակը նույնպես ողբալի է: Բացի այդ, մենք այդպես էլ չկարողացանք կառուցել արագընթաց մայրուղի, մինչդեռ Վրաստանում այդ մայրուղին ձգվում է հարյուրավոր կիլոմետրեր: Բայց կա մի խնդիր, որը հսկայական ներդրումներ չի պահանջում, և որը, սակայն, Հայաստանում չի լուծվում: Խոսքը, այսպես ասենք, հիգիենայի մասին է: Ենթադրենք, ես կարգապահ զբոսաշրջիկ եմ կամ տիպիկ հայաստանցի չեմ և գետի մոտ անցկացրած իմ խնջույքի բոլոր հետքերը մաքրում եմ, հավաքում եմ մի պարկի մեջ, որպեսզի գցեմ աղբարկղի մեջ: Բայց մեր մայրուղիներում «հասարակական» աղբարկղեր չկան, «օբյեկտներն» ունեն իրենց աղբարկղերը, բայց այնտեղ քո «քեֆի աղբը» չես թափի: Ուստի և ստիպված ես քշել մինչև Երևան և օգտվել «Սանիտեկի» ծառայությունից: Հանրապետության մասշտաբով «Սանիտեկ» գոյություն չունի: Զուգարանների վիճակն ավելի վատ է: Բենզալցման և գազալցման կայաններում կան զուգարաններ, բայց այնտեղ առանց հակագազի չես կարող մտնել: Հայտնի (և այժմ չաշխատող) բիոզուգարանների «զույգը», հիշեցնենք, արժեր 314 հազար դոլար, և այդ գումարով կարելի էր սարքել առնվազն տասը նորմալ զուգարան: Բայց նորմալներն էլ գործում են «տեղական առանձնահատկություններով»: Ենթադրենք, դուք ուզում եք այցելել զուգարան որևէ տեսարժան վայրի մոտ գտնվող տարածքում: Մեխանիզմը հետևյալն է՝ դուք ասում եք «ստայանչիկին», վերջինս ձեր ցանկության մասին տեղյակ է պահում պահակին, պահակը բարձրաձայն կանչում է տիկին Վարդուշին, որը և գալիս է հեռուներից, զուգարանի թղթի կտորը հեռվից թափահարելով՝ որպեսզի իր բանալիով բացի զուգարանը, ստանա իր 100 դրամը և հետո փակի ու հեռանա: Զբոսաշրջիկի մեջ զուգարան գնալու ցանկությունն իսկույն վերանում է: Այնպես որ՝ խնդիրը միայն ծով չունենալը չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր