Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու կոչ անող բանաձև
Եվրոպական խորհրդարանն այսօր 477 կողմ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու կոչ անող բանաձև, հաղորդում է թուրքական լրատվամիջոցները:
Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ու Եվրահանձնաժողովին անհապաղ կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, եթե Թուրքիայում այս տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններում իշխանության թևերի բաժանման սկզբունքը խախտվի:
Նշենք, որ Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:
Քեթի Փիրիի ներկայացրած զեկույցում նշել է, որ եթե Անկարան վերականգնի մահապատիժը, ապա կանցնի սահմանագիծը: Փիրին հայտարարել է նաև, որ այս բանաձևոց Թուրքիայի հետ գործակցությունը չի դադարում:
«Թուրքիան, չնայած նրա կառավարության քաղաքականությանը, հանդիսանում է կարևոր գործընկեր մի շարք ոլորտներում: Ընդ սմին Եվրախորհրդարանը չի ասում, որ պետք է դադարեցնել Թուրքիայի հետ գործակցությունը»,- հայտարարել է Փիրին,- «Եվրոպան գործակցում է շատ երկրների հետ, որոնք նույնիսկ մտադիր չեն անդամակցել ԵՄ-ին և նույնիսկ եվրոպական մայրցամաքում չեն գտնվում»: