Իգնատի Առաքելյանն ընդունել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի պետական և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչներ:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման նպատակով:
Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է ագրարային բնագավառում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու տեսլականը: Նշվել է, որ ներկայումս ոլորտում առանձնահատուկ կարևորություն է տրվում, մասնավորապես, գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականին, գյուղատնտեսական տվյալների թվայնացմանը, մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, իսկ կրթության ոլորտում` նորագույն գիտելիքներով զինված մասնագետների պատրաստմանը:
Որպես փոխգործակցության կարևորագույն ուղղություններ` նախարարը մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության (հատկապես` ոչխարաբուծության), խաղողագործության և գինեգործության ոլորտները, սառնարանային տնտեսությունների հիմնման, ինտենսիվ այգիների ստեղծման, կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև ոռոգման նորագույն համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման ծրագրերը:
Անդրադառնալով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերին` նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև ծրագրում մասնակցություն ունենալու հնարավորությունը:
ԳԴՀ-ի պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի զարգացումն ապահովելու համար մասնավոր հատվածի ներգրավման և երկու երկրների մասնավոր կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման կարևորությունը: Այս համատեքստում նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է իր պատրաստակամությունն աջակցել այցի շրջանակներում գործարար նոր կապերի ստեղծմանը և նոր նախաձեռնությունների նախանշմանն ու իրականացմանը:
Պետեր Բլեզերը հրավիրել է նախարար Իգնատի Առաքելյանին մասնակցել Գերմանիայում 2018 թվականի հունվարին կազմակերպվող Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: