211652_close_icon
views-count5057 դիտում article-date 21:30 27-10-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է ագրարային ոլորտում հայ-իտալական փոխգործակցության զարգացումը` բարձր գնահատելով դեսպան Ռիչուլլիի ներդրած ջանքերը երկկողմ ծրագրերի իրականացման գործում: «Իտալիան և Հայաստանն ունեն սոցիալ-մշակութային բազմաթիվ ընդհանրություններ, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության լավ ավանդույթներ, ինչն ամուր հիմք է գործակցությունը զարգացնելու, երկու երկրների միջև բիզնես կապերի աշխուժացման և նոր ներդրումային նախաձեռնությունների իրականացման համար»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Իր հերթին դեսպան Ռիչուլլին կարևորել է Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման համար առավել ակտիվ քայլերի ձեռնարկումը և հավելել, որ կներդնի առավելագույն ջանքեր, որպեսզի Հայաստանը տեսանելի դառնա իտալական ներդրողների համար, քանի որ նրանք հետաքրքված են, սակայն բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասին: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ բիզնես միջավայրի խթանման նպատակով այժմ մշակվում են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-նախագծեր, որոնք կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում, և բոլոր շահագրգիռ գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալ և շահավետ ներդրումներ իրականացնել: Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է քննարկել Վայոց ձորի մարզում փոքր գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ գինեգործական արտադրամասի հիմնման հնարավորությունը` ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր քայլերը ձեռնարկել նման ծրագրերին աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում կոոպերատիվների գործունեությանն առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր