211652_close_icon
views-count3262 դիտում article-date 19:35 03-07-2017

Թրանսփերենսի ինթերնեյշնլը ներկայացրել է ընտրախախտումների դիտարկման արդյունքները

«Ամենից տարածվածը ընտրակաշառքներն են՝ մոտ 90 դեպք: Սա կարող է քիչ երևալ, բայց սա որոշակի կոնկրետիկա կարող է ունենալ»,- «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» կողմից ընտրախախտումների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ ասաց ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ Մոնիտորինգն իրականացվել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Արձանագրված խախտումները ինչպես ընտրական են, այնպես էլ դիտարկվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր: Երկրորդ հիմնական խախտումը աշխատանքային ժամերին պետական և համայնքային ծառայողների ներգրավվածությունն էր նախընտրական շտաբերի աշխատանքին: Այս առումով արձանագրվել է 59 կոնկրետ դեպք: Այսինքն՝ 59 դեպք, երբ պետական ծառայողները նկատվել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շտաբերում աշխատանքային ժամերին: Իր տարածվածությամբ երրորդ ընտրախախտումը մանկապարտեզների ու բուժական հաստատությունների աշխատակիցների վրա ներազդումն է: Գրանցվել է կոնկրետ 36 դեպք, երբ վերադասը ստիպել է աշխատակիցներին մասնակցել շտաբերի աշխատանքներին կամ մասնակցել քվեարկության: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարի դիտարկմամբ՝ Հայաստանում հիմնական ճնշումները լինում են շարքային քաղաքացիների ու ընտրողների վրա, ի տարբերություն հետսովետական այլ երկրների, որտեղ ճնշումը ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների նկատմամբ է։ Նշենք, որ սա կազմակերպության կողմից անցկացված 5-րդ մոնիտորինգն է:Դիտարկման ժամանակ օգտագործվել է 2 հիմնական գործիք՝ լրատվամիջոցներից քաղված տեղեկությունները և ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության դիտորդների փոխանցած տվյալները: Հարցումներն արվել են Երևանում և ևս 12 քաղաքներում:

Նմանատիպ նյութեր