Մեկնարկում է «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը
IBBY Հայաստան ՀԿ-ն (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Հայկական գրադարանային ասոցիացիայի հետ համատեղ՝ 2017 թվականի հուլիսի 5-7-ը կանցկացնի «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը:
Դասընթացը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 10:00-ից, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Վարպետության դասը կվարի Լիոնի /Ֆրանսիա/ քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վիոլին Կանմաչերը: Դասընթացը կիրականացվի ֆրանսերենից հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Գրադարանավարների համար նախատեսված այս դասընթացին կմասնակցեն ՀՀ մարզպետարաններին, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հղված IBBY Հայաստան ՀԿ-ի իրազեկում-դիմումի հիման վրա ընտրված և ներկայացված ՀՀ 10-ը մարզային և մայրաքաղաքային, համայնքային 10-ը գրադարաններից 1-ական ներկայացուցիչ՝ 20 գրադարանավար: Թիրախավորված են մանուկներին և պատանիներին սպասարկող գրադարանավարները:
Դասընթացի նպատակն է նպաստել ՀՀ-ում գրադարանային գործի զարգացմանը, հայաստանյան գրադարանավարներին փոխանցել մանկապատանեկան ընթերցանության կազմակերպման և այդ տարիքային խմբի գրադարանային սպասարկման նոր հմտություններն ու գիտելիքները` ներկայացնելով նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի արդի առանձնահատկությունները:
Նախաձեռնության դինամիկ արդյունավետությունն ապահովելու համար գրադարանավարները դասընթացի շրջանակում ստացած նոր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գործնականում պետք է կիրառեն նշյալ տարիքային խմբի հետ աշխատանքում: