211652_close_icon
views-count3133 դիտում article-date 19:30 30-06-2017

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 29-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Պատվիրակության անդամները համոզմունք են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարեւորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում: Կողմերն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում հայ եւ սլովակ պատվիրակների արդյունավետ փոխգործակցությանը: Շնորհակալություն հայտնելով պարոն Դանկոյին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման համար` ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը (2004թ.), ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածների ավելացումը: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին` պարոն Շարմազանովը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանի խաղաղության եւ կայունության կոչերով եւ հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են: ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դիվերսիոն գործողություններին՝ նշելով, որ միջազգային հանրության կողմից դրանց արձագանքելն այլեւս բավարար չէ. միջազգային հանրությունը գործուն քայլերով պետք է կանխարգելի տարածաշրջանի ապակայունացման ցանկացած դրսեւորում: «Արցախը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություն է: Արցախի ժողովուրդը հերոսաբար պայքարում է ազատ եւ անկախ երկրում ապրելու եւ արարելու համար, եւ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-ասել է պարոն Շարմազանովը: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Չեխիայի եւ Սլովակիայի խաղաղ բաժանումը եւ երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ օրինակ դառնալ նաեւ ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանն ընտրեց պատերազմի ուղին: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրանով պայմանավորված օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված աշխատանքներին: Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Նմանատիպ նյութեր