211652_close_icon
views-count11324 դիտում article-date 10:55 27-06-2017

Վերնախավի «մկրտությունն» է ատրճանակ վերցնելը, փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ժամանակ առ ժամանակ, սովորաբար` շաբաթը մեկ-երկու անգամ, տեղեկատվություն է հայտնվում փոխհրաձգության, կրակոցների, փողոցային խուլիգանության, ծեծկռտուքի, քաշքշուկի մասին: Բնականաբար, նման միջադեպեր տեղի են ունենում նաև այլ երկրներում, այդ թվում՝ շատ զարգացած: Բայց հետխորհրդային երկրներում կատարվող նման դեպքերն ունեն մի առանձնահատկություն. դրանց, որպես կանոն, խառնված են լինում կա՛մ պաշտոնյաները (նույն իրենք՝ բիզնեսմենները), կա՛մ նրանց հարազատները: Պատճառն, ինձ թվում է, շատ պարզ է. անպատժելիությունը, «հաբռգածությունը», ցինիզմը համարվում են «հաջողության բաղադրիչներից» մեկը: Ինչի՞ համար է մարդը ձգտում պաշտոնի. Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ փողի: Բայց կա նաև հաջորդ հարցը՝ իսկ նրա ինչի՞ն է պետք փողը: Միաժամանակ երկու ննջարանում քնել հնարավոր չէ, ժամը մեկ քյաբաբ ուտելը նույնպես չի տեղավորվում բնական կարիքների բավարարման շրջանակներում: Ուրեմն կա ավելի «վեհ» նպատակ. մարդկանց վրա «վերխ վերցնել», ապացուցել, որ դու «վերնախավին» ես պատկանում: Ինչո՞վ, ինչպե՞ս. նախևառաջ՝ անպատժելի կրիմինալ վարքով: Ապօրինությամբ ինքնահաստատվելն ընդհանրապես հատուկ է հայաստանյան մշակույթին: Եթե դու այն աստիճանի «լավ տղա» ես, որ շրջադարձ կատարելիս երկու հոծ գիծ ես անցնում և խցանում ստեղծում (եթե, իհարկե, տեսախցիկ չկա), կամ՝ եթե այդքան «շուստրի» ես, որ կարողանում ես հարկերը թաքցնել, դա, ինչ խոսք, արդեն ինքնին խոսում է քո «արժանիքների» մասին և մոտեցնում է քեզ «վերնախավին»: Բայց բուն «վերնախավ» լինելու համար նման բաներն ակնհայտորեն քիչ են: Վերնախավի «մարտական մկրտությունն» է ատրճանակ (ցանկալի է, իհարկե, ինքնաձիգ) վերցնելը, Երևանի, Գյումրիի կամ որևէ այլ քաղաքի փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը: Այս պարագայում դու յուրային ես դառնում «վերնախավում»: Բա էլ ինչի համար է «պապան» պաշտոն և փող ձեռք բերել, եթե «լավ տղեն» չկարողանա «պատժել իրեն նեղացնողներին»: Դա մի կողմից, իհարկե, պետության թուլությունն է, որ չի կարողանում սաստել այս միջավայրի երիտասարդներին, մյուս կողմից էլ՝ պաշտոնյաներն ու մեծահարուստներն իրենց զավակներին դաստիարակում են կրիմինալ արժեքային համակարգի ոգով: Ինքնին պաշտոն ունենալն ու հարուստ լինելը ամոթ բան չէ: Աննորմալ է, երբ դրանք ծառայում են ոչ թե մարդկանց օգտակար լինելու, այլ «գողական մեթոդներով» ինքնահաստատվելու համար: Եվ շատ բնական է, որ այդ ինքնահաստատումը ժամանակի ընթացքում բումերանգի էֆեկտ է տալիս: Դեռ լավ է, երբ բումերանգը խփում է հենց «հաբռգածներին», ոչ թե նրանց երեխաներին և թոռներին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր