2022-ին պետական պարտքը, ամենայն հավանականությամբ, կանցնի 7 մլրդ դոլարի շեմը. տնտեսագետ
Կառավարության ծրագիրը թվային ցուցանիշների առումով զուսպ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Նշված է, որ 12 տոկոսով պետք է աղքատությունը նվազեցվի, որի՝ ներկայիս 32-33 տոկոսի պարագայում համարում եմ, որ մոտենում ենք 2008-2009 թվականների ցուցանիշներին, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ամեն բան հակառակ շրջվեց: Այսինքն՝ կստացվի մի իրավիճակ, որ 2022 թվականին մենք դեռևս 14 տարվա նախկին ցուցանիշին ենք մոտենում: Կա նաև մեկ ցուցանիշ, որը նույնպես համեմատելի չէ, այն է, որ 2008 թվականին մենք ունեինք 1.5 մլրդ դոլարի պարտք, իսկ 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կանցնենք 7 մլրդ դոլարի շեմը»,- ասաց Խաչատրյանը
Տնտեսագետի գնահատմամբ նվազագույն աշխատավարձի 25 տոկոսով բարձրացումն ինչ-որ առումով գործազրկության վտանգ ունի: Նա ընդգծեց, որ 5 տարի հետո պետական պարտքի առումով թեթև պատկեր չենք ունենալու, իսկ նախատեսված 5 տոկոս տնտեսական աճը բնակչության 90 տոկոսի վրա շոշափելի ազդեցություն չի ունենա: