Ադրբեջանի զինուժը փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հերթական ապատեղեկատվությանը։ Հաղրդագրոթյան մեջ ասվում է.
«Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/21/1070477/]հայտնել [/url]էինք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը, թե իբր հայկական ուժերը փորձել են շփման գծում դիվերսիա իրականացնել, սակայն կորուստներ տալով և գերի թողնելով՝ նահանջել են։
«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Հովհաննիսյանը։