Ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերամշակված մսամթերք արտահանելու մասին արձանագրություն
Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման հարցը: Նշենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագիր, որով նախատեսվում է գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքներին ուղղել ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ցուցաբերել տեխնիկական աջակցություն՝ ժամանակակից պահանջներին համահունչ գործունեություն ծավալելու նպատակով:
Այցի շրջանակներում քննարկվել է կենտրոնի վերակառուցման և վերազինման տեխնիկական առաջադրանքը, նախնական համաձայնություն է ձեռք բերվել նախագծման աշխատանքների և լաբորատոր կարողությունների հզորացման վերաբերյալ՝ ստորագրելով այդ մասին արձանագրություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև ԵԱՏՄ միասնական պահանջների շրջանակներում արտահանման ու ներմուծման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու հնարավորությունները: Քննարկման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերամշակված մսամթերք արտահանելու մասին արձանագրություն: